Էմանուել Մակրոն. Գազայում ռմբակոծվում և սպանվում են երեխաներ, կանայք, ծերեր, սա արդարացում չունի, մենք Իսրայելին կոչ ենք անում դադարեցնել
Էմանուել Մակրոն. Գազայում ռմբակոծվում և սպանվում են երեխաներ, կանայք, ծերեր, սա արդարացում չունի, մենք Իսրայելին կոչ ենք անում դադարեցնել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսրայելին կոչ է արել դադարեցնել Գազայում երեխաների և կանանց սպանությունները։ Այս մասին Էմանուել Մակրոնը հայտնել է «BBC»-ին տված բացառիկ հարցազրույցում։

«Դե ֆակտո այսօր ռմբակոծում են քաղաքացիներին։ Երեխաներին, կանանց, ծերերին ռմբակոծում են և սպանում։ Սրա համար ոչ մի պատճառ կամ հիմնավորում չկա։ Ուստի մենք Իսրայելին կոչ ենք անում կանգ առնել»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը։

Ինչպես նշել է Էմանուել Մակրոնը, Ֆրանսիան ճանաչում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, սակայն կոչ է անում դադարեցնել Գազայի հատվածի ռմբակոծումը։ Միաժամանակ Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան հստակորեն դատապարտում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական գործողությունները։

«Մենք կիսում ենք Իսրայելի ցավը և կիսում ենք ահաբեկչությունից ազատվելու նրանց ցանկությունը։ Մենք Ֆրանսիայում գիտենք, թե ինչ է նշանակում ահաբեկչություն»,- ասել է Մակրոնը։

Մակրոնը նշել է, որ իր դերը չէ դատել՝ խախտվել է միջազգային իրավունքը, թե ոչ։

«Ես դատավոր չեմ։ Ես պետության ղեկավարն եմ»,- ասել է Մակրոնը։

Իսրայելի վարչապետի աշխատակազմն արձագանքել է Էմանուել Մակրոնի հայտարարություններին՝ նշելով, որ երկրները պետք է դատապարտեն ՀԱՄԱՍ-ը, ոչ թե Իսրայելը։

«Հանցագործությունները, որոնք ՀԱՄԱՍ-ն այսօր կատարում է Գազայում, վաղը կիրականացվեն Փարիզում, Նյու Յորքում և աշխարհի այլ վայրերում»,- ասվում է Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Էմանուել Մակրոնը նոյեմբերի 9-ին Փարիզում հյուրընկալել էր Գազայի խնդրին նվիրված միջազգային մարդասիրական համաժողով։