Էլինա Վալտոնեն. Վրաստանում մեկ շնչի հաշվով ավելի շատ քաղբանտարկյալներ կան, քան Ռուսաստանում, սա եվրոպական ուղին չէ, բայց սա նաև այն ուղին չէ, որը վրաց ժողովուրդն է ընտրել
Էլինա Վալտոնեն. Վրաստանում մեկ շնչի հաշվով ավելի շատ քաղբանտարկյալներ կան, քան Ռուսաստանում, սա եվրոպական ուղին չէ, բայց սա նաև այն ուղին չէ, որը վրաց ժողովուրդն է ընտրել

Ես վերջերս վերադարձա Հարավային Կովկասից, և, ցավոք, այն, ինչ տեսա Վրաստանում, շատ, շատ մտահոգիչ է,- Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի մեկնարկից առաջ ասել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը։

Նա ասել է, որ Վրաստանում մեկ շնչի հաշվով ավելի շատ քաղբանտարկյալներ կան, քան Ռուսաստանում։

«Ես վերջերս վերադարձա Հարավային Կովկասից, և, ցավոք, այն, ինչ տեսա Վրաստանում, շատ անհանգստացնող է։ Փողոցներում սովորական մարդկանց նկատմամբ բռնաճնշումները անընդունելի են։ Վրաստանում մեկ շնչի հաշվով ավելի շատ քաղբանտարկյալներ կան, քան Ռուսաստանում, ինչը շատ ուժեղ ազդանշան է մեզ բոլորիս համար։ Իհարկե, սա եվրոպական ուղին չէ, բայց սա նաև այն ուղին չէ, որը վրաց ժողովուրդն է ընտրել։ Այսպիսով, մենք պետք է վճռական լինենք նաև այս հարցում», – ասել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարը։

Տեղեկության համար, այսօր Լյուքսեմբուրգում անցկացվում է Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ։ Նիստը վարում է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Հանդիպմանը ԵՄ արտաքին գործերի նախարարների կողմից քննարկվելիք հիմնական հարցերն են Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ, Մոլդովայի, Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները և Սուդանում ստեղծված իրավիճակը։ Հանդիպմանը կքննարկվի նաև Վրաստանի հարցը։

Հանդիպման ավարտին, որը նախատեսված է Թբիլիսիի ժամանակով ժամը 16:45-ին, կկայանա մամուլի ասուլիս։