«El Pais»-ը հրապարակում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանին ուղարկված պատասխանները. Ռուսական զորամիավորումները պետք է դուրս գան Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի տարածքից, բաց դռների քաղաքականությունը մնում է ուժի մեջ
«El Pais»-ը հրապարակում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանին ուղարկված պատասխանները. Ռուսական զորամիավորումները պետք է դուրս գան Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի տարածքից, բաց դռների քաղաքականությունը մնում է ուժի մեջ

Իսպանական «El Pais» հրատարակությունը հրապարակում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստան ուղարկված գաղտնի փաստաթղթերը, որտեղ Վրաստանից ռուսական զորքերի դուրսբերումը նշվում է որպես Եվրոպայում անվտանգության պայմաններից մեկը։ Հյուսիսատլանտյան դաշինքի պատասխանը չորս էջ է, մինչդեռ ԱՄՆ պատասխանը հինգ էջ է:

Հրատարակության համաձայն՝ ՆԱՏՕ-ի փաստաթղթի 8.3-րդ հոդվածում ասվում է, որ եվրոպական անվտանգությունն ապահովելու համար ռուսական զորքերը պետք է լքեն Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի տարածքը, որտեղ նրանք գտնվում են առանց այդ երկրների համաձայնության։ Հյուսիսատլանտյան դաշինքի համաձայն՝ բոլոր երկրները պետք է հարգեն ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքները և զերծ մնան ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից։

Ինչպես նշում է «El Pais»-ը, փաստաթղթում ասվում է, որ բոլոր երկրները պետք է հարգեն այլ երկրների՝ անվտանգության միջոցներ ընտրելու կամ փոխելու և առանց արտաքին միջամտության իրենց ապագան ու արտաքին քաղաքականությունը որոշելու իրավունքը։

ՆԱՏՕ-ի փաստաթղթում ասվում է, որ բոլոր կողմերը պետք է կառուցողականորեն ներգրավվեն հակամարտությունների կարգավորման տարբեր ձևաչափերում, ներառյալ նորմանդական ձևաչափը, Եռակողմ կոնտակտային խմբի, Ժնևի միջազգային բանակցությունների և 5 + 2 ձևաչափերը:

Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանը պետք է ձեռնպահ մնա ՆԱՏՕ-ի դաշնակիցների և այլ երկրների դեմ ուժի կիրառումից, ագրեսիվ միջուկային հռետորաբանությունից և վնասակար գործողություններից։

Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանին առաջարկում է տեղեկատվության փոխանակում ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհրդում զորավարժությունների վերաբերյալ, աշխատել ԵԱՀԿ-ում Վիեննայի փաստաթղթի թարմացման, վարժանքների թափանցիկության, վտանգավոր միջադեպերի կանխարգելման, միջուկային քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և ռիսկերի նվազեցման միջոցառումների վերաբերյալ:

Փաստաթղթի համաձայն՝ ՆԱՏՕ-ն չի ցանկանում առճակատում, սակայն չի հրաժարվի արեւմտյան սկզբունքներից։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի ուղարկած փաստաթղթին, ապա, ինչպես գրում է իսպանական հրատարակությունը, Վաշինգտոնի պատասխանի համաձայն՝ ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ՝ փոխըմբռնման հասնելու համար՝ անդրատլանտյան դաշնակիցների և գործընկերների հետ։

Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը և կարծում է, որ այդ հարցի քննարկման համար համապատասխան ֆորումը ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդն է։

Փաստաթղթում նշվում է, որ Վաշինգտոնը պատրաստ է քննարկել անվտանգության անբաժանելիությունը, սակայն իր դաշնակիցների և գործընկերների հետ շարունակում է մտահոգություն հայտնել Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ, որոնք սպառնում են եվրատլանտյան տարածքի անվտանգությանը։

Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանը լիովին չի կատարում Վիեննայի փաստաթղթով ստանձնած պարտավորությունները, ինչը խաթարում է եվրոպական անվտանգությունը։