Էկվադորի կառավարությունը զրկել է WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, ով թաքնվում է Լոնդոնում գտնվող երկրի դեսպանատանը, արտաքին աշխարհի հետ կապի միջոցներից: Այս մասին նշվում է երկրի իշխանությունների հաղորդագրությունում:
«Այս միջոցը ձեռնարկվել է Ասանժի կողմից 2017 թվականի վերջին կառավարությանը տրված գրավոր պարտավորությանը չհետևելու կապակցությամբ, որում նա խոստացել էր չհրապարակել այնպիսի հաղորդագրություններ, որոնք ենթադրում են այլ պետությունների հարաբերություններին միջամտություն», – ասվում է Էկվադորի կառավարության հայտարարության մեջ: Միևնույն ժամանակ, չի նշվում, թե Ասանժի որ հաղորդագրությունն է խախտել պարտավորությունը:
Էկվադորի իշխանությունների կարծիքով՝ Ասանժի վարքագիծն ու հաղորդումները սոցիալական ցանցերում վտանգում են Մեծ Բրիտանիայի, Եվրամիության երկրների և աշխարհի այլ պետությունների հետ բարիդրացիական հարաբերությունները: Այդ կապակցությամբ Ասանժի հաղորդակցության միջոցները երեքշաբթի անջատվել են: Ընդ որում նրա վարքագծի կապակցությամբ լրացուցիչ միջոցները չեն բացառվում:
Վերջերս Ասանժն իր Twitter-ում բազմաթիվ հաղորդագրություններ էր հրապարակել՝ կապված կատալոնական քաղաքական գործիչ Կառլես Պուչդեմոնի ձերբակալության հետ: Նրանցից մեկում Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավարին նա «Գերմանիայի առաջին քաղբանտարկյալ» էր անվանել՝ հղում կատարելով գերմանական թերթի հոդվածին:
Հեղինակ -
Edgar Barsegyan