Էկվադորի Էսմերալդաս նավահանգստային քաղաքում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով տուժել է 20 մարդ
Էկվադորի Էսմերալդաս նավահանգստային քաղաքում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով տուժել է 20 մարդ, և մի քանի շենքեր լրջորեն վնասվել են։ Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Էկվադորի ափի մոտ՝ 30 կիլոմետր խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով վնասվել են բնակելի տներ և հասարակական շենքեր։ Էլեկտրամատակարարման խափանումներ են արձանագրվել։ Էկվադորի ազգային նավթային ընկերությունում՝ «Պետրոէկվադորում», հայտնել են, որ ժամանակավորապես դադարեցրել են բոլոր օպերացիաները Էսմերալդասում գտնվող նավթային օբյեկտներում։
Էկվադորի նախագահը հրահանգել է տուժած նահանգում կազմակերպել ապաստարաններ և բնակչությանը ապահովել հումանիտար օգնությամբ։
Նշենք, որ 2016 թվականին Էկվադորում տեղի ունեցած 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել էր ավելի քան 700 մարդ։