Էկատերինե Տիկարաձեն և Քելլի Դեգնանը քննարկել են Վրաստանում առկա համաճարակային իրավիճակը և պատվաստումների ծրագրի ընթացքը
Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հանդիպել է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելլի Դեգնանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկրում համաճարակաբանական իրավիճակը և արձագանքման միջոցառումները։
Հանդիպման հիմնական թեմաներից էր պատվաստումների ծրագրի ընդլայնումը, բիզնեսի ակտիվացումը այս առումով, ինչպես նաև «կանաչ քարտերի» հարցը։
Առողջապահության նախարարը նշեց, որ «կանաչ քարտի» ներդրումը կարևոր գործիք է թե՛ պատվաստումների գործընթացը հեշտացնելու, թե՛ քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու համար։
Իր հերթին, ինչպես հանդիպումից հետո նշել է ԱՄՆ դեսպանը, «կանաչ քարտն» իսկապես կարող է շատ կարևոր դեր խաղալ ստեղծված իրավիճակում։ Նա ասաց, որ դա շատ արդյունավետ է այլ երկրներում:
«Մենք բոլորս մտահոգված ենք Վրաստանում COVID-ի շատ բարձր ցուցանիշներով և, իհարկե, մտածում ենք այն մասին, թե ինչ կարելի է անել՝ նվազեցնելու հիվանդության դեպքերը, և ամենակարևորը՝ բարձրացնել պատվաստումների մակարդակը։ Ես եկել եմ այստեղ երկու տարի առաջ, երբ քիչ բան էր հայտնի COVID-ի մասին: Մենք շատ բան ենք սովորել դրա մասին վերջին երկու տարիների ընթացքում, և ամենակարևորը մենք իմացել ենք, որ պատվաստանյութը կարող է կյանքեր փրկել: Ձեր մտերիմներին այս վիրուսից պաշտպանելու միակ միջոցը պատվաստումն է։
Ինչ վերաբերում է «կանաչ քարտի» նախաձեռնությանը, ապա այն շատ հաջողված է ԱՄՆ շատ նահանգներում, Ֆրանսիայում, Ուկրաինայում և Ռումինիայում։ Այն օգնել է մարդկանց գիտակցել, որ պատվաստումը թույլ է տալիս վերադառնալ սովորական առօրյա կյանքին: Այն նաև շահավետ է տնտեսության վերականգնման համար, քանի որ թույլ է տալիս բիզնեսին գործել:
Այնպես որ, «կանաչ քարտն» իսկապես կարող է շատ կարևոր դեր խաղալ այս իրավիճակում և շատ արդյունավետ է եղել այլ երկրներում։ Հուսանք, որ այդպես կլինի նաև Վրաստանում»,- հանդիպումից հետո ասել է Քելլի Դեգնանը։