Ըստ ԶԼՄ-ների՝ Ռուսաստանին բռնակցված Սևաստոպոլում այսօր երկու անգամ հայտարարվել է հրթիռային հարձակման սպառնալիքի մասին, ստուգվելու են քաղաքի բոլոր ապաստարանները
Ըստ ԶԼՄ-ների՝ Ռուսաստանին բռնակցված Սևաստոպոլում այսօր երկու անգամ հայտարարվել է հրթիռային հարձակման սպառնալիքի մասին, ստուգվելու են քաղաքի բոլոր ապաստարանները

Ռուսաստանին բռնակցված Սեւաստոպոլում այսօր երկու անգամ հայտարարվել է հրթիռային հարձակման սպառնալիքի մասին։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ի ռուսալեզու բյուրոն։

Ռուսաստանի կողմից նշանակված Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևի խոսքով՝ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը կարողացել է խոցել հրթիռներից մեկը, և դրա բեկորներն ընկել են ափի մոտ։ Նրա խոսքով՝ տեղում են եղել հատուկ ծառայությունները։

Միաժամանակ, Ռազվոժաևի խոսքով, Սևաստոպոլում կսկսվի բոլոր ապաստարանների ստուգումը, որտեղ քաղաքացիները պետք է գնան հրթիռային հարձակումների ժամանակ։

Տեղեկության համար նշենք, որ սեպտեմբերի 22-ին Ուկրաինան հրթիռային հարձակում է իրականացրել Ռուսաստանին բռնակցված Ղրիմի թերակղզու վրա։ Կիևի թիրախը Ռուսաստանի Սևծովյան նավատորմի շտաբն էր։ Ուկրաինայի Զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչների խոսքով՝ հարձակումն իրականացվել է այն ժամանակ, երբ շտաբում տեղի է ունեցել ռազմական հրամանատարների խորհրդակցություն։

«Արդյունքում տասնյակ զոհված և վիրավոր օկուպանտներ, այդ թվում՝ նավատորմի բարձրագույն ղեկավարությունը», – հայտնել են ուկրաինացի զինվորականները։

Ավելի վաղ «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտնել էր, որ Սեւաստոպոլի վրա հրթիռային հարձակման հետեւանքով առնվազն 9 մարդ է զոհվել, 16-ը՝ վիրավորվել։ Նրանց թվում են ռուս գեներալներ։

Ռուսական կողմը չի հաստատում ուկրաինացի զինվորականների հայտարարությունները: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ընդունում է Սևծովյան նավատորմի շենքի վնասը և մեկ զինվորի կորուստը։