Ըստ ԶԼՄ-ների՝ Իրանի հետ 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն
Իրանի անուղղակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ 2015 թվականի միջուկային համաձայնագրի շուրջ շուտով կվերսկսվեն։ «Reuters»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլահյանը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք պատրաստ ենք առաջիկա օրերին վերսկսել բանակցությունները։ Իրանի համար կարևորը 2015 թվականի համաձայնագրի տնտեսական շահն ամբողջությամբ քաղելն է»,- ասել է Ամիրաբդոլահյանը՝ հավելելով, որ ինքը «երկար, բայց դրական հանդիպում» է ունեցել Բորելի հետ։
Ի պատասխան, Բորելը նշել է, որ առաջիկա օրերին սպասվում է բանակցությունների վերսկսում և առկա փակուղու հաղթահարում։
«Մենք պետք է արագացնենք աշխատանքը։ Ես շատ գոհ եմ Թեհրանում և Վաշինգտոնում ընդունված որոշումից»,- ասել է Բորելը։