Ըստ ԶԼՄ-ների՝ Գերմանիայում տասնյակ բեռնատարների վարորդներ, այդ թվում՝ վրացիներ, շարունակում են գործադուլը՝ պահանջելով փոխհատուցում
Գերմանիայում բեռնատարների տասնյակ վարորդներ, որոնցմի մասը Վրաստանի քաղաքացիներ են, գրեթե մեկ ամիս գործադուլ են անում։ Ինչպես հայտնում է գերմանական ZDF հանրային հեռարձակողը, լեհական տրանսպորտային ընկերությանը պատկանող 63 բեռնատար մեքենաներ կայանված են Հեսսենի մայրուղու կայանատեղերից մեկում։
Վարորդները, որոնց մեծ մասը Վրաստանից և Ուզբեկստանից է, հրաժարվում են շարունակել երթուղին մինչև աշխատավարձը չստանան։ Նրանց խոսքով, ընկերությունն իրենց ավելի քան երկու ամսվա աշխատավարձ է պարտք։
«ZDF»-ի փոխանցմամբ՝ տեղում իրավիճակը լարվել է այսօր, երբ տրանսպորտային ընկերության ղեկավարն իր ուղեկիցների հետ եկել է վարորդների մոտ։ Ոստիկանությունից հայտնում են, որ գործադուլ անող վարորդներից փորձել են բռնությամբ խլել բեռնատարները։ Իրավապահները կանխել են առերեսումը և ժամանակավորապես բերման են ենթարկել 20 հոգու, այդ թվում՝ տրանսպորտային ընկերության ղեկավարին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել հասարակական կարգի խախտման, հարկադրանքի և այլ հանցագործությունների համար։
Գերմանական արհմիությունները աջակցում են գործադուլ անող վարորդներին։ Ըստ «ZDF»-ի՝ նրանց հետ են նաեւ այլ վարորդներ ու քաղաքական գործիչներ, որոնք սնունդ են բերել։ Բեռնատարների վարորդները նաև ստորագրել են միջնորդագիր՝ կոչ անելով Գերմանիայի և Լեհաստանի կառավարություններին ուշադրություն դարձնել իրենց աշխատանքային պայմաններին։