Ըստ «The Guardian»-ի, Իրանը զգուշացրել է Ռուսաստանին՝ սահմանային վեճում չկանգնել Ադրբեջանի կողքին
Իրանի նոր բարեփոխական կառավարությունը նախազգուշացրել է Ռուսաստանին՝ սահմանային վեճում չկանգնել Ադրբեջանի կողքին: Այս մասին հայտնում է «Guardian»-ը։
Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին անսովոր քայլ արեց՝ քննադատելով Ռուսաստանին այն բանից հետո, երբ Մոսկվան աջակցեց Ադրբեջանի պահանջը՝ Հայաստան-Իրան սահմանի երկայնքով ցամաքային միջանցք ստեղծելու մասին, որը Թեհրանի կարծիքով, կսահմանափակի իր մուտքը դեպի Եվրոպա և մնացած աշխարհ:
«Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը պարզապես նախապատվություն չեն, այլ մեր ազգային անվտանգության հիմնասյունը։ Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից մեր հարևանների տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած վտանգ կամ սահմանները փոխելու ցանկացած փորձ բացարձակապես անընդունելի է և կարմիր գիծ է Իրանի համար»,- գրել է Արաղչին սոցցանցում։
«The Guardian»-ը գրում է, որ այս հայտարարությունը կարող է վկայել Իրանի նորընտիր կառավարության պատրաստակամության մասին՝ ավելի կոշտ դիրքորոշում ընդունել Մոսկվայի նկատմամբ։ Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանը և Իրանը պատրաստվում են ռազմավարական համագործակցության համաձայնագիր ստորագրել, թեև դրա բովանդակությունը դեռ քննարկման փուլում է։ Իրանի կառավարության ներսում որոշակի լարվածություն կա, թե Թեհրանը ինչ դիվանագիտական գին կարող է վճարել Ռուսաստանի հետ իր ռազմական դաշինքը խորացնելու դիմաց:
Բացի այդ, Իրանը այս շաբաթ արտաքին գործերի նախարարություն է կանչել Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովին՝ իր դժգոհությունը հայտնելու Մոսկվայի դիրքորոշման վերաբերյալ։ Իրանում ասում են, որ չեն ցանկանում, որ Մոսկվայի խրախուսմամբ հակամարտություն առաջանա սահմաններին։
Ըստ «The Guardian»-ի՝ Իրանի արտգործնախարարի հայտարարությունները հստակ վկայում են այն մասին, որ Թեհրանը դժգոհ է Մոսկվայի որոշումից՝ աջակցելու Ադրբեջանի կոչին՝ Հայաստանի տարածքով միջանցք բացելու՝ Նախիջևանի էքսկլավի հետ կապվելու համար։ Ըստ «The Guardian»-ի՝ Իրանը պատմականորեն դեմ է արտահայտվել Ադրբեջանի և Թուրքիայի փորձերին՝ բացել Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Զանգեզուրի միջանցքը, քանի որ այս միջանցքը, որն անցնելու է Հայաստանի ամենահարավային մարզով, կարող է խոչընդոտել Իրանի մուտքը Հայաստան, ապա Եվրոպա։
Ըստ «The Guardian»-ի՝ Իրանի և Ռուսաստանի միջև վեճի վերսկսման պատճառ է հանդիսացել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան աջակցում է միջանցքին, իսկ Հայաստանը սաբոտաժի է ենթարկում դրա բացումը։