Ըստ Ռոյթերսի՝ Ռուսաստանում, Բրյանսկի և Կուրսկի մարզերում կամուրջներ են փլուզվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ, կան վիրավորներ

11:06, 01.06.2025

Ռոյթերսը հաղորդում է, որ Ռուսաստանում, Ուկրաինայի սահմանի մոտ, ճանապարհային կամրջի փլուզումից հետո առնվազն յոթ մարդ է մահացել։ Ըստ լրատվամիջոցների՝ Բրյանսկի կամուրջը փլուզվել է, երբ դրա տակով անցնում էր ուղևորատար գնացքը։ Դեպքի հետևանքով վիրավորվել է 69 մարդ։

Տեղի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը Telegram-ի հաղորդագրության մեջ նշել է, որ բոլոր վիրավոր ուղևորները տեղափոխվել են Բրյանսկի մարզի բժշկական հաստատություններ։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, հրշեջները փորձում են փրկել գնացքում գտնվող մարդկանց։ Telegram-ում հրապարակված հայտարարության մեջ Մոսկվայի երկաթուղիները նշել են, որ կամրջի փլուզումը տեղի է ունեցել «անօրինական միջամտության» պատճառով։

Բրյանսկում տեղի ունեցած միջադեպից մի քանի ժամ անց Կուրսկի մարզի Տրոսնա-Կալինովկա մայրուղու վրա կամուրջ է փլուզվել։ Կամուրջը փլուզվել է, երբ դրա վրայով անցնում էր բեռնատար գնացքը։ Մահացել է մեկ մարդ։

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ երկու միջադեպերի վերաբերյալ էլ հետաքննություն է ընթանում։

Նմանատիպ