Ըստ «Reuters»-ի՝ ԱՄՆ-ն Իրաքին առաջարկում է բանակցություններ սկսել միջազգային կոալիցիայի զորքերի դուրսբերման շուրջ
Ըստ «Reuters»-ի՝ ԱՄՆ-ն Իրաքին առաջարկում է բանակցություններ սկսել միջազգային կոալիցիայի զորքերի դուրսբերման շուրջ

Ըստ «Reuters»-ի՝ ԱՄՆ-ն Իրաքին առաջարկում է բանակցություններ սկսել միջազգային կոալիցիայի զորքերի դուրսբերման շուրջ։

Ինչպես գրում է գործակալությունը, փոխարենը Վաշինգտոնն առաջարկում է Իրաքին անցնել երկկողմ համագործակցության։

«Reuters»-ի հետ զրույցում անանուն աղբյուրը նշում է, որ Իրաքում ԱՄՆ դեսպանը համապատասխան ուղերձ է տվել երկրի արտգործնախարարին։ Ի պատասխան Իրաքի ԱԳՆ-ն հայտարարեց, որ մանրամասն կուսումնասիրեն նամակը։

Բացի այդ, ինչպես գրում է «Reuters»-ը, Բաղդադի հետ բանակցությունները հավանաբար կտևեն մի քանի ամիս, իսկ Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերում մոտ ապագայում դժվար թե տեղի ունենա։

Ներկայումս Իրաքում տեղակայված է 2500 ամերիկացի զինվորական: Նրանք օգնում են տեղի ուժերին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Միջազգային կոալիցիայի շրջանակներում ամերիկացի զինվորների հետ Իրաքում ներկա են նաև եվրոպացի զինվորներ։

Ի գիտություն, վերջին շրջանում Իրանի հետ առնչվող խմբավորումների կողմից մի շարք հարձակումներ են իրականացվել Իրաքում տեղակայված միջազգային կոալիցիայի ուժերի ռազմական օբյեկտների վրա։ Ի պատասխան՝ ԱՄՆ-ը հարվածներ հասցրեց Իրաքի տարածքին, ինչի պատճառով Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա ալ Սուդանը պահանջեց դուրս բերել կոալիցիոն ուժերը Իրաքից։