Ըստ նախնական հարցումների՝ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Էմանուել Մակրոնը հաղթում է ձայների 58,2 տոկոսով։

23:20, 24.04.2022

Ֆրանսիայում ընտրատեղամասերը փակվել են: Քվեարկության ընթացակարգի ավարտից հետո հայտնի են դարձել նախնական հարցումների արդյունքները։

Սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է գործող նախագահ Էմանուել Մակրոնը՝ հավաքելով ձայների 58,2 տոկոսը, իսկ նրա մրցակից Մարին Լե Պենը՝ 41,8 տոկոս ձայն։ Նախնական տվյալներով՝ Ֆրանսիան առաջիկա հինգ տարիներին կգլխավորի Էմանուել Մակրոնը։

Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ Էմանուել Մակրոնն ավելի մեծ առավելություն ունի, քան անցած շաբաթ անցկացված հարցումներում, թեև տարբերությունն ավելի փոքր է՝ համեմատած 2017 թվականի ընտրությունների հետ, երբ Էմանուել Մակրոնը հավաքեց ձայների 66,1 տոկոսը, իսկ Մարին Լե Պենը՝ 33,9 տոկոսը։

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել է ապրիլի 10-ին։ Թեկնածուներից ոչ մեկն առաջին փուլում չի հավաքել ձայների 50 տոկոսը։ Արդյունքում, երկրորդ փուլ անցկացվեց երկու լավագույն թեկնածուների՝ գործող նախագահ Էմանուել Մակրոնի և նրա մրցակից ծայրահեղ աջ Մարին Լե Պենի միջև:

Նմանատիպ