Ըստ լրատվամիջոցների, ռուսական ուժերը կրկին ռմբակոծել են ուկրաինական քաղաքները
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ տագնապի ազդանշաններ են լսվում Օդեսայի եւ Միկոլաեւի շրջաններում։ Կրկին ռմբակոծվել են Խարկովի բնակեցված շրջանները, որտեղ, ըստ նախնական տվյալների, վիրավորվել է վեց մարդ, երեքը՝ զոհվել։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ռմբակոծվել է նաեւ Սումի նահանգը, որտեղ չորս անգամ հարձակում են իրականացրել սահմանամերձ շրջանների վրա։
Լուգանսկի նահանգապետ Սերգեյ Գայդայի խոսքով՝ ռուսական ուժերը փորձում են գրավել Լիսիչանսկը և Բախմուտը կապող ճանապարհը։ Պատերազմի ուսումնասիրությունների ամերիկյան ինստիտուտի տվյալներով՝ ռուսական ուժերը գրեթե ամբողջությամբ գրավել են Սևերոդոնեցկի բնակավայրը և շարունակում են գրոհել Սլավյանսկը՝ փորձելով ճեղքել ուկրաինական պաշտպանությունը։ Հարավից փորձում են հասնել Լիսիչանսկ։ Հակառակորդը սկսել է ուժերը դուրս բերել Զապոռոժյեի շրջանի դիրքերից։ Ինչ վերաբերում է Խերսոնի շրջանին, ապա օկուպացիոն ուժերը չկարողացան վերադառնալ առաջավոր դիրքեր Իգուլեց գետից դեպի արևմուտք։
ՄԱԿ-ի տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում սպանվել է առնվազն 4 253 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 272 երեխա, թեև կազմակերպությունն ասում է, որ թվերն ամբողջությամբ չեն արտացոլում պատկերը։