Ըստ լրատվամիջոցների՝ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո Էմանուել Մակրոնը կարծում է, որ «ամենավատը դեռ առջևում է»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսելուց հետո ասել է, որ Պուտինը փորձում է գրավել ողջ Ուկրաինան, և որ «ամենավատը դեռ առջևում է»։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հենվելով ֆրանսիական աղբյուրների վրա։
Ըստ տեղեկությունների՝ Պուտինը Մակրոնին հայտնել է ամբողջ երկրի վրա հարձակումը շարունակելու ավելի լայն որոշման մասին՝ «հսկողություն ձեռք բերելու նպատակով»։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կողմերի միջև մոտ մեկուկես ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը Մակրոնին ասել է, որ «ռուսական բանակի գործողությունն ընթանում է Մոսկվայի պլանով»։ Պուտինի խոսքով՝ եթե ուկրաինացիները չընդունեն իր պայմանները, իրավիճակը կսրվի։
«Նախագահ Մակրոնը վատագույնն է սպասում՝ հաշվի առնելով այն, ինչ իրեն ասել է նախագահ Պուտինը»,- ասել են Ելիսեյան պալատի աղբյուրները։
Բացի այդ, ըստ մամուլի հրապարակումների, Պուտինը հաստատել է նաև, որ մտադիր է «ապաազգայնացնել» Ուկրաինան, ինչի մասին ասում էր պատերազմի սկզբում։
Ըստ տեղեկությունների՝ Պուտինը Մակրոնին մանրամասն ներկայացրել է ռուսական պայմանները։ «Առաջին հերթին Ուկրաինայի ապառազմականացումն ու նրա չեզոք կարգավիճակը, որպեսզի երբեք Ռուսաստանին իր տարածքից վտանգ չլինի»։
Ըստ լրատվամիջոցների՝ Պուտինը նաև Մակրոնին ասել է, որ «Կիևի վրա հրթիռային հարձակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»։
Ինչպես հայտնի է, Մակրոնը նախ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, ապա զանգահարել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիին։