Ըստ լրատվամիջոցների՝ Թուրքիան առաջիկա օրերին սպասում է Ուկրաինայից ծովային ճանապարհով ցորենի արտահանման վերաբերյալ կոնկրետ որոշումների

20:03, 05.06.2022

Թուրքիան առաջիկա օրերին որոշակի կոնկրետ որոշումների է սպասում Ուկրաինայից ծովային ճանապարհով ցորենի արտահանման հետ կապված։

Թուրքական «Անադոլու» խմբագրության փոխանցմամբ՝ այս մասին Մադրիդ կատարած այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը։

Քալինի խոսքով, եթե նույնիսկ հիմնական հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերվի, ցորենի արտահանման օպերացիան սկսելու համար կպահանջվի 3-5 շաբաթ։

Թուրքիայի նախագահի ներկայացուցչի խոսքով, հաջորդ շաբաթ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Թուրքիա այցի ընթացքում կարևոր որոշումներ են սպասվում։

Էրդողանի խոսնակի խոսքով՝ խորհրդակցություններ են ընթանում նավերի երթևեկության համակարգման, ինչպես նաև մեխանիզմի համակարգման շուրջ, որը նախատեսվում է Թուրքիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի և ՄԱԿ-ի մասնակցությամբ։ Իբրահիմ Քալինի խոսքով՝ ընդհանուր մթնոլորտը դրական է։

Ինչպես նշել է Քալինը, ուկրաինական կողմը պետք է աշխատի Օդեսայի նավահանգիստների ականազերծման ուղղությամբ։ Այնուամենայնիվ, կան անվտանգության օրինական ակնկալիքներ, որ ռուսական նավերը չեն մտնի այդ նավահանգիստները։

«Միջազգային հանրությունն արդեն գնում է այս ուղղությամբ։ Թուրքիան վճռորոշ դեր է խաղալու այս գործընթացում։ Առաջիկա օրերին սպասում ենք այս հարցի վերաբերյալ կոնկրետ որոշումների։ Այս ուղղությամբ մեր ջանքերը շարունակվում են»,- ասել է Թուրքիայի նախագահի խոսնակը։

Իբրահիմ քալինի խոսքով՝ սպասվում է լոգիստիկայի, տրանսպորտի և գյուղատնտեսության ոլորտի փորձագետների հանդիպում։

Նմանատիպ