Ըստ լրատվամիջոցների՝ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին կոչ է անում մահմեդական երկրներին դադարեցնել նավթի ու պարենի արտահանումը Իսրայել
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին մահմեդական երկրներին կոչ է արել բոյկոտ հայտարարել Իսրայելին՝ Գազայի հատվածի ռմբակոծման պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հենվելով իրանական պետական լրատվամիջոցների վրա։
Ալի Խամենեին, մասնավորապես, կոչ է անում մահմեդական երկրներին դադարեցնել նավթի ու պարենի արտահանումը Իսրայել։
«Գազայի ռմբակոծումը պետք է անհապաղ դադարեցվի։ Սիոնիստական ռեժիմի համար նավթի և պարենի արտահանման ճանապարհը պետք է դադարեցվի»,- ասել է Իրանի հոգեւոր առաջնորդը Թեհրանում մի խումբ ուսանողների առջև իր ելույթի ժամանակ։
Ալի Խամենեին նաև ասել է, որ ԱՄՆ-ը մեղսակից է Իսրայելի կողմից «պաղեստինցիների դեմ կատարված վերջին հանցագործություններին»։
«Իսլամական աշխարհը չպետք է մոռանա, որ Գազայի վճռական հարցում ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան դուրս եկան ճնշված պաղեստինցի ժողովրդի դեմ»,- ասել է նա։