Ըստ լրատվամիջոցների՝ Բաշկիրիայում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել դատարանի մոտ հավաքված ցուցարարների դեմ
Ըստ լրատվամիջոցների՝ Բաշկիրիայում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել դատարանի մոտ հավաքված ցուցարարների դեմ

Բաշկիրիայում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել դատարանի մոտ հավաքված ցուցարարների դեմ, ովքեր բողոքում էին բնապահպան ակտիվիստի 4 տարվա ազատազրկման դեմ։

Ըստ լրատվամիջոցի՝ բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են փակել դատապարտյալին տեղափոխող մեքենայի ճանապարհը, որից հետո առերեսում է տեղի ունեցել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ։

Դատավճռի հրապարակման օրը Բայմակ քաղաքի դատարանի շենքի մոտ հավաքվել էին մի քանի հազար ցուցարարներ։ Նրանք պահանջում էին ազատ արձակել ակտիվիստ Ֆաիլ Ալսինովին։

Ինչպես գրում են լրատվամիջոցները, բաշկիրցի ակտիվիստ Ֆաիլ Ալսինովը ձերբակալվել է ազգամիջյան բախումներ հրահրելու մեղադրանքով։ Նրա դեմ գործ է հարուցվել 2023 թվականի ապրիլին ոսկու արդյունահանման դեմ հանրահավաքում ելույթ ունենալու համար։ Ինքը՝ կալանավորը, մեղքը չի ընդունում։

Բացի այդ, ինչպես գրում է «BBC»-ն, հանրահավաքում իր ելույթի ժամանակ Ալսինովն ասել է, որ մինչ բաշկիրները կռվում են Ուկրաինայում, Բաշկիրիայում նրանց հողերը խլում են։ Նրա խոսքով, նրանք, ովքեր Բաշկիրում ոսկի են արդյունահանում և ոչնչացնում բնությունը, հետագայում կվերադառնան իրենց հայրենի շրջան, իսկ ոսկու արդյունահանման հետևանքները կվնասեն տեղի բնակչությանը։ Ըստ մամուլի հրապարակումների՝ նա այս հայտարարության մեջ թվարկել է տարբեր էթնիկ խմբեր։ «Մենք չենք կարող տեղափոխվել, ուրիշ տուն չունենք, մեր տունն այստեղ է»,- ասաց նա։

Ըստ ակտիվիստի կողմնակիցների՝ Ալսինովի դեմ հարուցված քրեական գործը վրեժ է հնագույն Կուշտաու լեռան համար։ Լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն՝ Ալսինովը եղել է նրանցից մեկը, ով դեմ է եղել 2019-2020 թվականներին սոդայի արտադրության համար նշված լեռը վերամշակելուն։ Ինչպես գրում են լրատվամիջոցները, ի վերջո, լեռան վրա աշխատանքները դադարեցվել են, և Կուշտաուն ստացել է հատուկ պահպանվող բնական տարածքի կարգավիճակ։