Ըստ լրատվամիջոցների՝ Ադրբեջանի դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Հայաստանի կողմից որպես վարձկաններ ընդգրկված օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ, ովքեր որպես վարձկան մարտիկներ ընդգրկված են եղել Հայաստանի կողմից։ Տեղեկությունը տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ մամուլի հրապարակումների՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչությունը նախաքննություն է վարում ութ քրեական գործերով՝ կապված Հայաստանի ռազմաքաղաքական վարչակարգի կողմից «Հավաքագրման, օգտագործման և ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիայի պահանջների կոպիտ խախտման հետ:
Ադրբեջանի գլխավոր դատախազության տվյալներով՝ խոսքը Վրաստանի, Ռուսաստանի և Ֆրանսիայի 17 քաղաքացիների մասին է։
«Սոցցանցերում տված հարցազրույցում նշված անձինք հայտարարել են, որ գտնվում են Հայաստանի զինված ուժերի շարքերում՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներում։ Կան լուսանկարներ և տեսանյութեր, որոնք վկայում են ռազմական գործողություններին այդ անձանց մասնակցության մասին։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված անձանց ձերբակալելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Այդ կապակցությամբ մի շարք իրավաբանական օգնության հարցումներ են ուղարկվել համապատասխան երկրներ»,- ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։