Ըստ Լևան Դավիթաշվիլիի, էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է բիզնեսի համար առաջարկել մինչև 50 հանգստավայրերի սեփականաշնորհման փաթեթներ
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը ծրագրում է մոտ ապագայում բիզնեսի համար առաջարկել Վրաստանի տարբեր շրջանների մինչև 50 հանգստավայրերի մասնավորեցման փաթեթներ։
Այս մասին այսօր կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։
Նրա տեղեկություններով՝ նախարարության թիմը և «Հանգստավայրերի զարգացման գործակալությունը» մի քանի ամիս աշխատել են հանրապետության տարածքում գործող հանգստավայրերի ուսումնասիրության ուղղությամբ։ Նրանք եղել են գրեթե բոլոր քաղաքապետարաններում՝ աշխատելով տեղական իշխանությունների և շահագրգիռ խմբերի, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում ներգրավվածների հետ:
Ըստ էկոնոմիկայի նախարարի, ուսումնասիրվել են ինչպես գործող հանգստավայրերի վիճակը, այնպես էլ հեռանկարային, պոտենցիալ հանգստավայրերի զարգացման հնարավորությունները։
«Այսօր գնահատվել ու պատրաստվել են մոտ 50 տեղամասեր, որոնք, մեր կարծիքով, հետաքրքիր կլինեն ներդրողների համար։ Սրանք տարբեր ուղղությունների տեղանքներ են՝ բալնեոլոգիական կամ այլ տեսարժան վայրերով։ Շուտով մենք սկսելու ենք ակտիվ շփումներ բիզնեսի հետ՝ ներդրումներ ներգրավելու համար։ Պետական գույքի ազգային գործակալությունը կսկսի պետական սեփականություն հանդիսացող գույքի մասնավորեցման առաջարկները»,- ասել է Լեւան Դավիթաշվիլին։
Բացի այդ, ըստ էկոնոմիկայի նախարարի տեղեկությունների, իր գերատեսչությունը գլխավոր հատակագծերի մշակման առումով աշխատելու է ավելի լայն տարածքների վրա, որպեսզի այդ առողջարանները կամ առողջարանային տարածքները ճիշտ պլանով մշակվեն և քաոսային զարգացում չլինի։