Ընտանեկան բռնության զոհերը կարող են ստանալ պետակա ծառայություններ՝ առանց կարգավիճակ ստանալու
Ընտանեկան բռնության զոհերը կարող են ստանալ պետական ծառայություններ՝ առանց կարգավիճակ ստանալու: Համապատասխան փոփոխությունները ներառված են «Կանանց նկատմամբ բռնության և/կամ ընտանեկան բռնության կանխարգելման, բռնության զոհերի պաշտպանության և աջակցության մասին» օրենքում:
Գործող նորմով զոհի կարգավիճակի առկայությունը ուղղակիորեն կապված է պետական ծառայություններից օգտվելու հետ, իսկ պետական կացարանից օգտվելու համար հիմնական նախապայման է զոհի կարգավիճակի առկայությունը, առանց որի պետությունը չի տրամադրում պետական ապաստանի ծառայություններ։
Իշխող թիմի կողմից պատրաստված փոփոխությունները ենթադրում են զոհին ծառայություններ մատուցելու հնարավորություն՝ առանց զոհի կարգավիճակի անհրաժեշտության:
Բացի վերը նշվածից, փոխվում է «ընտանիքի անդամ» սահմանումը և անձանց շրջանակում ավելացվում է «ինտիմ գործընկերը», ինչը ընդգրկում է անձանց, ովքեր գրանցված կամ չգրանցված ամուսնության մեջ չեն, չեն զբաղվում ընտանեկան տնտեսությամբ, բայց գտնվում են կամ եղել են ինտիմ հարաբերությունների մեջ, որն իր հերթին ռոմանտիկ և սեռական հարաբերություն է ներառում: