Էբրահիմ Ռայիսի - Իրանի հոգեւոր առաջնորդի խոստման համաձայն՝ ագրեսորը պատժվել է
Իրանի հոգեւոր առաջնորդի խոստման համաձայն՝ ագրեսորը պատժվել է, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով Իսրայելի տարածքում Իրանի կողմից իրականացված հարձակմամբ «Իրանի իշխանությունները պատմական քայլ կատարեցին և Իսրայելին ուժեղ դաս տվեցին»։
Ըստ Էբրահիմ Ռայիսիի, Իրանը վերջին տասը օրվա ընթացքում բազմիցս մատնանշել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իսրայելի կողմից խախտումների մասին, սակայն ՄԱԿ-ի պատասխանը խոչընդոտվել է ԱՄՆ-ի և Իսրայելի այլ կողմնակիցների ճնշման պատճառով:
«Իրանի իմաստուն և հեղինակավոր քայլը, որն ուղղված է իր տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ազգային շահերի պաշտպանությանը, կարևոր միջոց էր ագրեսորին պատասխանատվության ենթարկելու և տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար»,- ասվում է Իրանի նախագահի հայտարարության մեջ։
Նրա խոսքով, գործողության շրջանակներում Իրանի թիրախը եղել են իսրայելական ռազմական օբյեկտները, որոնք, նրա գնահատմամբ, վտանգ են ներկայացնում տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։ Ըստ Էբրահիմ Ռայիսիի, Իրանի զինված ուժերը կհետևեն իրադարձությունների զարգացմանը և պատշաճ կերպով կպատասխանեն Իսրայելի և նրա դաշնակիցների ցանկացած սադրիչ գործողության։