Դոնալդ Տուսկը չի հաստատում այն տեղեկությունը, թե իբր Թրամփը եվրոպացի ղեկավարներին ասել է, որ Ռուսաստանը խաղաղություն չի փնտրում, քանի որ իրեն հաղթող է համարում պատերազմում
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը չի հաստատում տարածված տեղեկությունը, թե իբր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդներին ասել է, որ Ռուսաստանը խաղաղություն չի փնտրում, քանի որ այս պատերազմում իրեն հաղթող է համարում։
«Ես չեմ հաստատում այդպիսի տեղեկություն։ Սակայն հաստատում եմ, որ իրավիճակը բարդ է, որովհետև ռուսական կողմը նույնիսկ բարի կամքի նշույլ չունի, որը կարող է արագորեն դադարեցնել կրակը և սկսել անկեղծ խաղաղ բանակցություններ։ Ինչպես նախագահ Թրամփը, այնպես էլ «եվրոպական քառյակը» ձևակերպել են շատ հստակ պայման՝ կրակի դադարեցում առանց որևէ նախապայմանի, այսինքն՝ մինչև բանակցությունների սկսելը, որպեսզի դադարեն մարդկանց մահերը», – հայտարարել է Տուսկը։
Հիշեցնենք, որ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների միջև կայացած հեռախոսազրույցին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը չի մասնակցել։