Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը ենթադրում է, որ հնարավոր է մի քանի շաբաթվա ընթացքում հասնել Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում ամբողջական հրադադարի

21:14, 19.03.2025

ԱՄՆ նախագահի, Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը ենթադրում է, որ հնարավոր է մի քանի շաբաթվա ընթացքում հասնել Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում կրակի ամբողջական դադարեցման։ Այս մասին նա խոսել է «Բլումբերգ» հեռուստաալիքի եթերում։

Ուիթքոֆի խոսքով՝ Թրամփի և Պուտինի երեկվա հեռախոսազրույցի արդյունքում հնարավոր դարձավ ավելի մեծ առաջընթաց, քան վերջին երեքուկես տարվա ընթացքում։

«Առաջնորդները համաձայնության են եկել որոշակի պայմաններով կրակի դադարեցման և դրա ամբողջական դադարեցման ճանապարհային քարտեզի շուրջ, որի շուրջ բանակցություններ կանցկացվեն առաջիկա օրերին։ Կարծում եմ, որ մի քանի շաբաթից կհասնենք այդ նպատակին։ Շատ լավ նորություններ կան։ Այժմ տեխնիկական խմբերի վրա է դրված պատասխանատվությունը՝ բոլոր մանրամասները կարգավորելու համար, և բոլորը պատրաստ են աջակցել այս գործընթացին»,- նշել է Ուիթքոֆը։

Միաժամանակ, ըստ նրա, կրակի ամբողջական դադարեցումը բարդ խնդիր է, քանի որ խոսքը շուրջ 2000 կիլոմետր երկարությամբ շփման գծի մասին է։ Ուիթքոֆի խոսքով՝ մարտադաշտում տարբեր իրավիճակներ կան, և բազմաթիվ մանրամասներ պետք է քննարկվեն, որոնց վրա կաշխատեն տեխնիկական խմբերը։

Նմանատիպ