Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր՝ յոթ դաշնային գործակալությունների լուծարման մասին, այդ թվում՝ ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների վերահսկող գործակալության
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որի նպատակն է լուծարել յոթ դաշնային գործակալություն։ Դրանց թվում է գործակալություն, որը վերահսկում է «Ամերիկայի ձայնը», «Ազատություն ռադիոն» և ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող այլ լրատվամիջոցներ աշխարհում։ Այս մասին հայտնում է «Նյու Յորք Թայմսը»։
«Նյու Յորք Թայմսի» տվյալներով՝ նախագահի ստորագրած հրամանով այդ գործակալությունների ղեկավարներին հանձնարարվել է դադարեցնել բոլոր այն գործառույթները, որոնք նախատեսված չեն օրենքով։ Սա նաև ենթադրում է անձնակազմի կրճատում։
Թրամփի հրամանը վերաբերում է ԱՄՆ-ի Գլոբալ մեդիա գործակալությանը, որը, «Ամերիկայի ձայն»-ից բացի, ֆինանսավորում է նաև Radio Free Europe/Radio Liberty-ն և Radio Free Asia-ն։ Այս կազմակերպությունների բյուջեն կազմում է մոտ 270 միլիոն դոլար, և դրանց աշխատակիցների թիվը գերազանցում է 2,000-ը։ Այս լրատվամիջոցների նպատակը աշխարհում անաչառ նորությունների տարածումն է։
Ինչ վերաբերում է այլ գործակալություններին, որոնց վրա տարածվում է Թրամփի հրամանը, դրանք են՝ Դաշնային միջնորդության և հաշտարարության ծառայությունը, Վուդրո Ուիլսոնի միջազգային կենտրոնը, Թանգարանների և գրադարանների սպասարկման ինստիտուտը, ԱՄՆ-ի միջգերատեսչական խորհուրդը՝ անօթևանության հարցերով, և Փոքրամասնությունների բիզնեսի զարգացման գործակալությունը։
Թրամփի հրամանի համաձայն՝ այս գործակալությունները յոթ օրվա ընթացքում պետք է ներկայացնեն հրամանի կատարման անհրաժեշտ ծրագրերը ԱՄՆ-ի կառավարման և բյուջեի գրասենյակի տնօրենին։