Դոնալդ Թրամփը շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլիին մայիսի 26-ի կապակցությամբ. «Այս տարին նոր հնարավորություններ է ընձեռում վերականգնելու ամերիկյան և վրաց ժողովուրդների միջև բարեկամական կապերը, նպաստելու մեր երկրների բարգավաճմանը»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորում է Վրաստանի նախագահին և վրաց ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։
Վրաստանի նախագահի աշխատակազմի հաղորդմամբ, համապատասխան շնորհավորական փաստաթուղթը վրացական կողմին է փոխանցել Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Ալան Փըրսելը։
Ինչպես նշված է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում, այս տարին նոր հնարավորություններ է ընձեռում վերականգնելու ամերիկյան և վրաց ժողովուրդների միջև բարեկամական կապերը, նպաստելու մեր երկրների անվտանգությանն ու բարգավաճմանը։
«Հարգելի պարոն նախագահ, Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ Վրաստանի ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ: Այս տարին նոր հնարավորություններ է ընձեռում վերականգնելու ամերիկյան և վրաց ժողովուրդների միջև բարեկամական կապերը և խթանելու մեր երկրների անվտանգությունն ու բարգավաճումը: Միացյալ Նահանգները շարունակում է անսասան մնալ Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության հարցում՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Մենք կանգնած ենք վրաց ժողովրդի կողքին՝ կայուն անվտանգության, ինքնորոշման և անկախության ձգտման հարցում», – ասվում է Դոնալդ Թրամփի շնորհավորական նամակում։