Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Փիթ Հեգսեթին հանձնարարել է, որպեսզի ԱՄՆ-ն կրճատի Հարավային Կորեայի հետ համատեղ ռազմական վարժանքները, քանի որ դա թշնամական ազդանշան է ուղարկում Հյուսիսային Կորեային
Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ ռազմական նախարար (պատերազմի նախարար) Փիթ Հեգսեթին հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ վարժանքները: Նրա խոսքով՝ նման վարժանքները, բացի բավականին թանկ արժենալուց, նաև թշնամական ազդանշան են ուղարկում Հյուսիսային Կորեային, որի ղեկավարը Դոնալդ Թրամփի նկատմամբ դրական է տրամադրված և Սպիտակ տանը/Շտատներին սպառնալիք չի ներկայացնում:
Միևնույն ժամանակ, Դոնալդ Թրամփն ընդգծում է, որ Հարավային Կորեան հրաժարվել է ԱՄՆ-ին օգնություն ցուցաբերել Իրանի դեմ հակամարտությունում:
«Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ ունեցած իմ շատ լավ հարաբերություններից ելնելով՝ դժգոհ էի այն փաստից, որ Միացյալ Նահանգները շատ վաղուց համաձայնել էր Հարավային Կորեայի հետ մասնակցել համատեղ ռազմական վարժանքներին: Այս վարժանքները ոչ միայն թանկ են, քանի որ այդ ծախսերի մեծ մասը հոգում է Ամերիկայի Միացյալ Նահանգները (ինչպես միշտ!), այլև լիովին անտեղի և թշնամական ազդանշան են ուղարկում մի երկրի, որը սպառնալիք չի ներկայացնում Դոնալդ Թրամփի նախագահության համար և տրամադրված է հարգալից: Ուստի, և հաշվի առնելով այն, որ չեղարկելն արդեն ուշ էր, ես հանձնարարեցի ռազմական նախարար Փիթ Հեգսեթին էապես կրճատել համատեղ ռազմական վարժանքները: Այնուամենայնիվ, վերջերս ես Հարավային Կորեայի նախագահին հարցրեցի, թե ցանկանո՞ւմ են արդյոք միանալ մեզ Իրանի Իսլամական Հանրապետության ապամիջուկայնացման գործում, և նրանք ինձ պատասխանեցին՝ «Ոչ, շնորհակալություն»», – գրում է Թրամփը սոցիալական ցանցում:
Ի գիտություն՝ անցյալ շաբաթ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները զգալիորեն կկրճատի Հարավային Կորեայի հետ համատեղ ռազմական վարժանքները: Նրա խոսքով՝ դրա պատճառներից մեկը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր «շատ լավ հարաբերություններն» են: