Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ մարտի 18-ին նախատեսում է զրուցել Վլադիմիր Պուտինի հետ
ԱՄՆ-ի նախագահը մարտի 18-ին նախատեսում է զրուցել իր ռուս գործընկերոջ հետ, – այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Ֆլորիդայից Վաշինգտոն վերադառնալու ժամանակ լրագրողների հետ զրույցում։
Թրամփի խոսքով՝ քննարկման թեման կլինի Ուկրաինայում պատերազմի ավարտը։
«Մենք ցանկանում ենք տեսնել՝ արդյոք կարող ենք ավարտել այս պատերազմը։ Գուցե կարողանանք, գուցե՝ ոչ, բայց կարծում եմ, որ շատ լավ հնարավորություն ունենք», – նշել է Թրամփը։
ԱՄՆ-ի նախագահին լրագրողը հարցրել է, թե կոնկրետ ինչ զիջումների մասին է խոսքը, երբ քննարկվում է հրադադարը։
«Մենք կքննարկենք հողային հարցերը, կխոսենք էլեկտրակայանների մասին։ Սա մեծ խնդիր է, բայց կարծում եմ, որ շատ հարցեր արդեն քննարկվել են երկու կողմի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի կողմից։ Մենք արդեն խոսում ենք դրա մասին՝ որոշակի ակտիվների բաշխման մասին։ Այո, նրանք արդեն աշխատում են այս ուղղությամբ», – նշել է Թրամփը։