Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Ջ.Դ. Վենսը, Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները մեկնել են Իսլամաբադ՝ Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպումներին նախապատրաստվելու համար
Փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և խորհրդական Ջարեդ Քուշները Միացյալ Նահանգներից մեկնել են Իսլամաբադ՝ Իրանի հետ հանդիպումներին նախապատրաստվելու համար, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում։
Թրամփը մերժել է Իրանի պնդումները, որ չի մասնակցի Պակիստանում կայանալիք խաղաղության բանակցությունների հաջորդ փուլին։ ԱՄՆ նախագահը New York Post-ին ասել է, որ պատրաստ կլինի հանդիպել իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, եթե առաջընթաց գրանցվի։
«Մենք պետք է բանակցություններ վարենք։ Այնպես որ, կարծում եմ՝ այս պահին ոչ ոք խաղեր չի խաղում։ Նրանք հիմա ճանապարհին են, այսօր երեկոյան այնտեղ կլինեն», – ասաց Դոնալդ Թրամփը։
Պակիստանում բանակցությունները պետք է տեղի ունենան ԱՄՆ-Իրան հրադադարի համաձայնագրի ժամկետը լրանալուց մի քանի օր առաջ։