Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ ընտրություններում հաղթելու դեպքում կստեղծի կառավարության արդյունավետության հանձնաժողով, որը կգլխավորի Իլոն Մասկը
Դոնալդ Թրամփի խոսքով՝ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում կստեղծի կառավարության արդյունավետության հանձնաժողով, որը կգլխավորի Իլոն Մասկը։
«Ռոյթերս» լրատվական գործակալությունը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնում է, որ նախկին նախագահը շաբաթներ շարունակ իր օգնականների հետ քննարկել է կառավարության արդյունավետության հանձնաժողովի գաղափարը։
Թրամփի խոսքով՝ Իլոն Մասկը համաձայնել է գլխավորել նշված հանձնաժողովը։
ԱՄՆ նախկին նախագահը չի հստակեցրել, թե ինչպես է աշխատելու հանձնաժողովը, սակայն նշել է, որ դրա ստեղծման օրվանից վեց ամսվա ընթացքում այն կմշակի «խարդախության և ոչ պատշաճ վճարումների վերացման» ծրագիր։
«Ես կստեղծեմ Կառավարության արդյունավետության հանձնաժողով, որը կզբաղվի ամբողջ դաշնային կառավարության ֆինանսական և գործառնական աուդիտով, ինչպես նաև կմշակի համապարփակ բարեփոխումների առաջարկություններ: Որպես առաջնահերթություն՝ այս հանձնաժողովը վեց ամսվա ընթացքում կմշակի գործողությունների ծրագիր՝ խարդախությունն ու ոչ պատշաճ վճարումները ամբողջությամբ վերացնելու համար։ Սա կխնայի մեկ տրիլիոն դոլար»,- ասել է Դոնալդ Թրամփը։
Անցյալ ամիս ելույթ ունենալով փոդքաստում՝ Իլոն Մաքսն ասաց, որ երկխոսություն է ունեցել նախկին նախագահի հետ այս հարցի շուրջ և շահագրգռված կլինի աշխատել այս հանձնաժողովում։