Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի ներխուժումը Ռուսաստանի տարածք կարող է դառնալ երրորդ համաշխարհային պատերազմի պատճառ
Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Ուկրաինայի ներխուժումը Ռուսաստանի տարածք կարող է դառնալ երրորդ համաշխարհային պատերազմի պատճառ։ Այս մասին Դեթրոյթում ԱՄՆ Ազգային գվարդիայի ասոցիացիայի անդամների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի գործող թեկնածու Դոնալդ Թրամփը։
Թրամփի խոսքով՝ ուկրաինական զինված ուժերի կողմից Կուրսկ ներխուժումը ևս մեկ նշան է, որ Երրորդ համաշխարհային պատերազմն ավելի մոտ է, քան երբևէ։
«Տեսեք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում: Նրանք ներխուժեցին Ռուսաստան։ Դուք կունենաք երրորդ համաշխարհային պատերազմ»,- ասել է Դոնալդ Թրամփը։
Թրամփն այս հայտարարություններն արել է Արլինգթոնի ազգային գերեզմանատանը նվիրված հիշատակի միջոցառմանը մասնակցելուց մի քանի ժամ առաջ՝ ի պատիվ տասներեք ամերիկացի զինծառայողների, ովքեր մահացել են 2021 թվականին Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ժամանակ մահապարտ ահաբեկչության հետևանքով։
Ելույթ ունենալով միջոցառման ժամանակ՝ ԱՄՆ նախկին նախագահն ասել է, որ Բայդենի վարչակազմի կողմից ամերիկացի զինվորների քաոսային դուրսբերումն Աֆղանստանից կապված է աշխարհում առկա անկայունության հետ։
Դոնալդ Թրամփի խոսքով, «Աֆղանստանից քաոսային դուրսբերումը և այն ժամանակ տեղի ունեցած հարձակումը հանգեցրին աշխարհին դեպի Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը, որը հանգեցրեց հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակմանը»։ Նույն ելույթում Թրամփը կրկնել է, որ իր նախագահության օրոք աշխարհում նոր կարևոր հակամարտություններ չեն սկսվել։ ԱՄՆ նախկին նախագահը նաև ասել է, որ կարող է վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին նախագահ ընտրվելուց մի քանի ամսվա ընթացքում։