Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեմֆիսը կլինի հաջորդ քաղաքը, որտեղ նա նախատեսում է Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ ուղարկել հանցագործության դեմ պայքարելու համար
ԱՄՆ Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքը լինելու է հերթական վայրը, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է ուղարկել Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ՝ հանցավորության դեմ պայքարի նպատակով։
Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Թրամփի խոսքով՝ Մեմֆիսի դեմոկրատ քաղաքապետը և նահանգի հանրապետական նահանգապետը գոհ են այս որոշումից։
Մեմֆիսում հանցագործության մակարդակը ամենաբարձրերից է ԱՄՆ քաղաքների շարքում։ Դաշնային քննիչ բյուրոյի (FBI) տվյալներով՝ քաղաքում ամեն 100 000 բնակչի հաշվով գրանցվում է 2,501 բռնային հանցագործություն։
Իր հերթին, Մեմֆիսի քաղաքապետ Փոլ Յանգը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ինքը չի խնդրել Ազգային գվարդիան տեղակայել քաղաքում։
«Ես չեմ կարծում, որ սա հանցագործությունը նվազեցնելու միջոց է, սակայն որոշումն արդեն կայացված է», – նշել է Մեմֆիսի քաղաքապետը։
Այս շաբաթվա սկզբին Մեմֆիսի քաղաքապետ Փոլ Յանգը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ բանակցություններ է վարում Թրամփի վարչակազմի հետ՝ քաղաքային ոստիկանության բաժանմունքի համար դաշնային աջակցություն ստանալու նպատակով։ Օգոստոսին Դոնալդ Թրամփը Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ էր տեղակայել Վաշինգտոնում՝ 30 օրով։ Այդ ժամկետը ավարտվել է այս շաբաթվա սկզբում, սակայն Ազգային գվարդիայի անդամները դեռ մնում են տեղում։ Սպիտակ տան տվյալներով՝ այդ ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել։ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնն անվանել է «գրեթե հանցագործություններից ազատ» քաղաք։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ ցանկանում է նվազեցնել հանցավորության մակարդակը Նյու Օռլեանում, Բալթիմորում և Չիկագոյում։