Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ջո Բայդենը գտնվում է «հոգեբանական աղետալի» վիճակում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Ջո Բայդենի կողմից գաղտնի փաստաթղթերի ոչ պատշաճ վարման հետ կապված գործին։ Թրամփի խոսքով՝ Բայդենը «հոգեբանական աղետալի» վիճակում է։
Այս մասին Թրամփը հայտարարել է Հարավային Կարոլինայում 2024 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ։
Ինչ վերաբերում է գաղտնի փաստաթղթերի գործին, Թրամփն ասաց, որ իր և Ջո Բայդենի տարբերությունն այն է, որ Բայդենը փաստաթղթերը վերցրել է, երբ սենատոր էր, մինչդեռ Թրամփի դեպքում նա նախագահ էր, և Նախագահական գրառումների մասին օրենքը դա թույլ էր տալիս: ԱՄՆ նախկին նախագահի խոսքով՝ այս դեպքը վկայում է այն մասին, որ երկրում գործում է ընտրովի արդարադատություն։
Հարավային Կարոլինայում ելույթի ժամանակ Թրամփը Բայդենին անվանել է Քրուկ Ջո։
«Դատախազն ասել է, որ նա գտնվում է աղետալի հոգեվիճակում, որ նա միտումնավոր գաղտնի փաստաթղթեր է գողացել իր հոգեկան վիճակի պատճառով»,- ասել է Թրամփը։
Հատուկ դատախազը, որը հետաքննում է Ջո Բայդենի կողմից գաղտնի փաստաթղթերի սխալ մշակումը, փետրվարի 9-ին ասել է, որ նախագահը հիշողության հետ կապված խնդիրներ ունի։