Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կստորագրի առևտրային համաձայնագիր Եվրամիության հետ, դա արդար գործարք կլինի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է առևտրային համաձայնագիր կնքել Եվրամիության հետ։
Թրամփն այս հայտարարությունն արել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ հանդիպումից առաջ Սպիտակ տանը տված հարցին ի պատասխան։
Թրամփին հարցրել են, թե հնարավո՞ր է ԱՄՆ-ի և Եվրամիության միջև առևտրային համաձայնագիր կնքել, որին Թրամփը պատասխանել է, որ «առևտրային համաձայնագիր կլինի 100 տոկոսով»։
«Իհարկե, առևտրային համաձայնագիր կլինի։ Նրանք իսկապես ցանկանում են դա, և մենք պատրաստվում ենք կնքել առևտրային համաձայնագիր։ Ես ակնկալում եմ դա, բայց դա կլինի արդար համաձայնագիր։ Մենք որևէ խնդիր չենք ունենա Եվրոպայի կամ որևէ մեկի հետ համաձայնագրի հասնելու հարցում, քանի որ մենք ունենք այն, ինչ բոլորը ցանկանում են», – ասել է ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ ինքը «շատ է սիրում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին, կարծում է, որ նա հիանալի վարչապետ է և հիանալի աշխատանք է կատարում»։
Թրամփի խոսքով՝ Մելոնին աշխարհի իրական առաջնորդներից մեկն է։
Բացի այդ, ԱՄՆ նախագահը մերժեց Եվրոպական Միության և Չինաստանի մերձեցման հնարավորությունը «սակագնային պատերազմի» ֆոնին։
«Ոչ ոք չի կարող մրցակցել մեզ հետ։ Կարծում եմ՝ մենք շատ լավ գործարք կկնքենք Չինաստանի հետ», – ասել է Թրամփը։
Իր հերթին, Իտալիայի վարչապետը նշել է, որ չի կարող ամբողջ Եվրամիության անունից խոսել մաքսատուրքերի մասին, բայց ցանկանում է Թրամփին հրավիրել Իտալիա, որտեղ հույս ունի կազմակերպել ԱՄՆ նախագահի և եվրոպացի առաջնորդների հանդիպումը։
«Ես վստահ եմ, որ մենք կարող ենք համաձայնության գալ։ Ես այստեղ եմ՝ այս գործընթացին օգնելու համար։ Ես կարծում եմ, որ լավագույն ճանապարհը անկեղծ զրույցն է», – ասել է Իտալիայի վարչապետը։