Դոնալդ Թրամփ. Ես պատրաստ եմ լուրջ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրները նույնը անեն և դադարեցնեն նավթ գնել Ռուսաստանից
Դոնալդ Թրամփ. Ես պատրաստ եմ լուրջ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրները նույնը անեն և դադարեցնեն նավթ գնել Ռուսաստանից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ պատրաստ է Ռուսաստանի դեմ լուրջ պատժամիջոցներ սահմանել, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները նույնն անեն և դադարեցնեն նավթի գնումը Ռուսաստանից։ Այս մասին Թրամփը գրել է իր սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ այս ուղերձը նա ուղարկել է ՆԱՏՕ-ի բոլոր երկրներին և աշխարհին։ ԱՄՆ նախագահը նաև կոչ է անում ՆԱՏՕ-ի երկրներին Չինաստանի նկատմամբ սահմանել 50%-ից մինչև 100% մաքսատուրք՝ մինչև պատերազմի ավարտը, քանի որ Թրամփի գնահատմամբ՝ Չինաստանը մեծ վերահսկողություն և ազդեցություն ունի Ռուսաստանի վրա։

Ինչպես նշել է Դոնալդ Թրամփը, եթե դաշինքի անդամները գործեն այնպես, ինչպես ինքն է առաջարկում, Ուկրաինայում պատերազմը արագ կավարտվի։

«Ես պատրաստ եմ Ռուսաստանի դեմ լուրջ պատժամիջոցներ սահմանել, երբ ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրները համաձայնեն և նույնը անեն, և ՆԱՏՕ-ի բոլոր անդամները դադարեցնեն Ռուսաստանի նավթի գնումը։ Ինչպես հայտնի է, ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը հաղթանակի համար 100 տոկոսից շատ պակաս էր, և որոշ երկրների կողմից ռուսական նավթի գնումը պարզապես ցնցող էր։ Սա լրջորեն թուլացնում է բանակցային դիրքերը և բանակցային ուժը Ռուսաստանի հետ։ Ամեն դեպքում, ես պատրաստ եմ «գործողության», երբ դուք էլ պատրաստ կլինեք։ Պարզապես ասեք՝ երբ։ Ես հավատում եմ, որ սա և ՆԱՏՕ-ի կողմից Չինաստանի համար սահմանվելիք 50%-ից մինչև 100% մաքսատուրքերը, որոնք ամբողջությամբ չեղարկվելու են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտից հետո, մեծ օգնություն կլինեն այս մահաբեր, բայց անիմաստ պատերազմի ավարտին։ Չինաստանը մեծ վերահսկողություն և նույնիսկ ազդեցություն ունի Ռուսաստանի վրա, և այդ կոշտ մաքսատուրքերը կխաթարեն այդ ազդեցությունը։ Սա Թրամփի պատերազմը չէ (այն երբեք չէր սկսվի, եթե ես նախագահ լինեի)։ Սա Բայդենի և Զելենսկու պատերազմն է։ Ես այստեղ եմ միայն այն կանգնեցնելու և հազարավոր ռուսների ու ուկրացիների կյանքը փրկելու համար (միայն վերջին շաբաթում զոհվել է 7 118 մարդ։ Սա խելագարություն է)։ Եթե ՆԱՏՕ-ն անի այն, ինչ ես ասում եմ, պատերազմը կավարտվի արագ, և բոլոր այդ կյանքերը կփրկվեն։ Հակառակ դեպքում դուք պարզապես վատնում եք իմ, ԱՄՆ-ի ժամանակը, էներգիան և գումարը։ Շնորհակալություն այս հարցում ուշադրության համար», – գրել է Թրամփը։