Դոնալդ Թրամփ. Ես չգիտեմ՝ Պուտինը ցանկանում է ավարտել պատերազմը, թե՞ ստում է մեզ, ԱՄՆ-ն այլ կերպ կարձագանքի

22:23, 28.05.2025

Ես չգիտեմ՝ Պուտինը ցանկանում է արդյոք դադարեցնել պատերազմը։ Եթե նա մեզ ստում է, Միացյալ Նահանգները այլ կերպ կարձագանքի, – մամուլի ասուլիսում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ նախագահը հիասթափված է, որ քաղաքները ռմբակոծվում են, և մարդիկ մահանում են, մինչ բանակցությունները ընթանում են։

«Չգիտեմ, բայց երկու շաբաթից կասեմ։ Շուտով կիմանանք՝ նա մեզ ստում է, թե ոչ։ Եթե նա մեզ ստում է, մենք այլ կերպ կարձագանքենք։ Պարոն Ուիթկոֆը հիանալի աշխատանք է կատարում, շատ ջանասիրաբար աշխատում է նրանց հետ։ Թվում է, թե նրանք ուզում են ինչ-որ բան անել, բայց մինչև փաստաթուղթը չստորագրվի, չեմ կարող ասել։ Ոչ ոք դա չի կարող ասել։ Ես շատ հիասթափված եմ վերջին մի քանի գիշերների ընթացքում տեղի ունեցածից, մարդիկ մահացել են, երբ մենք բանակցությունների կոչ արեցինք։ Ես շատ հիասթափված եմ դրանից», – ասել է Դոնալդ Թրամփը։ Լրագրողի հարցին, թե արդյոք նա պատրաստ է նստել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ բանակցությունների, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Ես կնստեմ նրանց հետ բանակցությունների, եթե անհրաժեշտ լինի»։ Մենք աշխատում ենք նախագահ Պուտինի հետ և կտեսնենք, թե ինչ կլինի։ Ինձ դուր չի գալիս, թե ինչ է կատարվում, երբ հրթիռներ են արձակվում քաղաքների վրա, դա լավ չէ։ Ես չեմ կարող դա թույլ տալ»։

Դոնալդ Թրամփին նաև հարցրել են Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառման մասին, որին ԱՄՆ նախագահը նշել է, որ դա բացասաբար կանդրադառնա խաղաղության գործընթացի վրա։

«Կարծում եմ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը կվնասի խաղաղության համաձայնագրին։ Սա իմ պատերազմը չէ, սա Բայդենի պատերազմն է, սա Զելենսկու և Պուտինի պատերազմն է։ Սա Թրամփի պատերազմը չէ։ Ես այստեղ եմ մեկ բանի համար՝ փորձելով վերջ դնել դրան, շաբաթական հինգ հազար կյանք և շատ գումար փրկելու համար», – ասել է Դոնալդ Թրամփը։

Նմանատիպ