Դոնալդ Թրամփ. Ուկրաինայում իրավիճակը ծանր է, Զելենսկին կարող է խաղաղություն հաստատել, կամ կարող է պայքարել ևս երեք տարի, նախքան ամբողջ երկիրը կորցնելը

22:26, 23.04.2025

Ուկրաինայի իրավիճակը ծանր է, Զելենսկին կարող է խաղաղություն հաստատել, կամ կարող է պայքարել ևս երեք տարի, նախքան ամբողջ երկիրը կորցնելը, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Ինչպես գրում է Դոնալդ Թրամփը, Վոլոդիմիր Զելենսկու սադրիչ հայտարարությունները դժվարացնում են այս պատերազմի լուծումը։

«Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «Wall Street Journal»-ի առաջին էջում պարծենում է, որ «Ուկրաինան իրավաբանորեն չի ճանաչում Ղրիմի օկուպացիան։ Այստեղ խոսելու բան չկա»»։ Այս հայտարարությունը շատ վնասակար է Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունների համար, քանի որ Ղրիմը կորսվել է տարիներ առաջ Բարաք Հուսեյն Օբամայի հովանու ներքո և քննարկման ենթակա չէ։ Ոչ ոք Զելենսկիին չի խնդրում ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք, բայց եթե նա ուզում է Ղրիմը, ինչո՞ւ նրանք չպայքարեցին դրա համար 11 տարի առաջ, երբ այն հանձնվեց Ռուսաստանին առանց որևէ կրակոցի։ Այս տարածքում, Օբամայի կողմից այն «հանձնելուց» շատ տարիներ առաջ, գտնվում էր ռուսական նշանակալի սուզանավային բազա։ Զելենսկիի սադրիչ հայտարարությունները դժվարացնում են այս պատերազմի կարգավորումը։ Նա պարծենալու բան չունի։ Ուկրաինայի իրավիճակը ծանր է. այնտեղ կարող է խաղաղություն լինել, կամ կարող է ևս երեք տարի պայքարել, նախքան ամբողջ երկիրը կորցնելը։ Ես որևէ կապ չունեմ Ռուսաստանի հետ, բայց ցանկություն ունեմ ամեն շաբաթ փրկել միջինում հինգ հազար ռուս և ուկրաինացի զինվորների, որոնք մահանում են առանց որևէ պատճառի։

Զելենսկու այսօրվա հայտարարությունը ոչինչ չի բերի, բացի «Մահվան հովտի» երկարաձգումից, և ոչ ոք դա չի ուզում։ Մենք շատ մոտ ենք համաձայնության, բայց վերջիվերջո դա պետք է անի այն մարդը, ով լավ խաղաոճ չունի։ Ես անհամբեր սպասում եմ հնարավորությանը օգնելու Ուկրաինային և Ռուսաստանին դուրս գալ այս սարսափելի խառնաշփոթից, որը երբեք չէր սկսվի, եթե ես նախագահ լինեի», – գրել է Թրամփը։

Նմանատիպ