Դոնալդ Թրամփ – Ուկրաինայի վրա վերջին հարձակումները ստիպում են ինձ մտածել, որ հնարավոր է, Պուտինը չի ցանկանում ավարտել պատերազմը, և անհրաժեշտ է նրա նկատմամբ գործադրել «բանկային» կամ «երկրորդական պատժամիջոցների» մեխանիզմ

19:16, 26.04.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Պուտինի վերջին հարձակումները Ուկրաինայի բնակավայրերի վրա ստիպում են իրեն մտածել, որ հնարավոր է, նա չի ցանկանում ավարտել պատերազմը, և անհրաժեշտ է նրա նկատմամբ կիրառել այլ մոտեցում՝ «բանկային» կամ «երկրորդական պատժամիջոցների» միջոցով։ Այս մասին Թրամփը գրել է իր սոցիալական ցանցում։

«Պուտինը չուներ ոչ մի պատճառ վերջին օրերին հրթիռակոծելու քաղաքային շրջանները, քաղաքներն ու գյուղերը։ Սա ստիպում է ինձ մտածել, որ հնարավոր է, նա չի ցանկանում ավարտել պատերազմը, պարզապես ձգձգում է այն, և անհրաժեշտ է նրա նկատմամբ այլ մոտեցում՝ «բանկային» կամ «երկրորդական պատժամիջոցների» միջոցով։ Շատ մարդիկ են մահանում», – գրել է Թրամփը։

Միաժամանակ, Դոնալդ Թրամփը քննադատել է «Նյու Յորք Թայմս» թերթին և նրա լրագրող Փիթեր Բեյքերին։

«Ինչպիսի պայմանավորվածություն էլ ձեռք բերեմ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, անկախ նրանից, որքան լավ կլինի այն՝ նույնիսկ եթե լինի երբևէ գոյություն ունեցող լավագույն համաձայնագիրը, ձախողված «Նյու Յորք Թայմս»-ը դրա մասին կխոսի բացասական։ Թայմսի շատ կողմնակալ և անհաջող գրողը՝ Փիթեր Բեյքերը, կատարելով իր խմբագրի պահանջը, գրել է, որ Ուկրաինան պետք է վերադարձնի տարածքները, այդ թվում, հավանաբար նաև Ղրիմը և այլ անիմաստ պահանջներ, որպեսզի դադարեցվեն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենասարսափելի սպանությունները։ Ինչո՞ւ չի ասում այդ թեթև քաշային լրագրողը, որ Օբաման թույլ տվեց Ռուսաստանին առանց կրակոցի գրավել Ուկրաինայից Ղրիմը», – գրել է Թրամփը։

Թրամփի խոսքով՝ ինքը կապ չուներ Ուկրաինայում ընթացող պատերազմի հետ։

«Ես ոչ մի առնչություն չունեմ այս հիմար պատերազմին, բացի ամենասկզբից, երբ Ուկրաինային «Ջավելին» հրթիռներ եմ տրամադրել, իսկ Օբաման միայն բարձեր էր տվել։ Սա քնկոտ Ջո Բայդենի պատերազմն է և ոչ իմը։ Սա պարտվողական էր առաջին իսկ օրվանից և երբեք չէր էլ պետք սկսել, չէր էլ սկսվի, եթե ես լինեի նախագահ։ Ես պարզապես փորձում եմ կարգավորել այն խառնաշփոթը, որը թողել են Օբաման և Բայդենը», – նշել է Թրամփը։

Նմանատիպ