Դոնալդ Թրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան շատ մոտ են համաձայնության հասնելուն, այժմ երկու կողմին անհրաժեշտ է հանդիպում շատ բարձր մակարդակով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագրի մեծ մասը համաձայնեցված է։ Ամերիկացի առաջնորդի պնդմամբ՝ անհրաժեշտ է երկու կողմի հանդիպում «շատ բարձր մակարդակով»։
«Լավ օր է բանակցությունների և հանդիպումների համար Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Նրանք շատ մոտ են համաձայնության հասնելուն, և այժմ երկու կողմին անհրաժեշտ է հանդիպում շատ բարձր մակարդակով, որպեսզի վերջ տան դրան», – գրել է Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ ներկայացուցիչները «կլինեն այնտեղ, որտեղ անհրաժեշտ կլինի՝ նպաստելու պատերազմի ավարտին»։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին տեղի է ունեցել այս տարվա սկզբից չորրորդ հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի միջև։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ հանդիպումը տևել է երեք ժամ և ունեցել է «կառուցողական և բավականին օգտակար բնույթ»։