Դոնալդ Թրամփ. Իրանը մեծ բեռ էր Իրաքի համար, սակայն իրաքցիներն այլևս չեն ունենա այդ խնդիրը, քանի որ Իրանը խիստ ապակայունացված է
Իրանը մեծ բեռ էր Իրաքի համար, քանի որ նրանք Մերձավոր Արևելքի բռնարարներն էին, սակայն իրաքցիներն այլևս չեն ունենա այդ խնդիրը, քանի որ Իրանը խիստ ապակայունացված է, – այս մասին Օվալաձև աշխատասենյակում Իրաքի վարչապետ Ալի Ֆալիհ Կադիմ ալ-Զաիդի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նրա խոսքով՝ չորս ամիս առաջվա համեմատ Իրանն այսօր պահպանել է իր ռազմական ուժի միայն մի մասը։
Միևնույն ժամանակ, լրագրողների այն հարցին, թե ինչու է փոխել որոշումը Հորմուզի նեղուցով անցնելու դիմաց նավերի համար 20-տոկոսանոց տուրքի սահմանումը չեղարկելու վերաբերյալ, Թրամփը նշել է, որ իրեն զանգահարել են Պարսից ծոցի երկրների առաջնորդները և ասել, որ տուրքի փոխարեն պատրաստ են ներդրումներ կատարել ԱՄՆ-ում։
«Ինձ հետ կապ հաստատեցին տարբեր երկրների առաջնորդներ՝ թագավորներ, էմիրներ և այլ ղեկավարներ, որոնց բոլորս էլ լավ ճանաչում ենք։ Նրանք իսկապես շատ ուժեղ գործընկերներ են։ Նրանք ինձ ասացին. «Մենք նախընտրում ենք այլ կերպ վարվել։ Ցանկանում ենք միլիարդավոր դոլարների ներդրումներ կատարել Ամերիկայի Միացյալ Նահանգներում և շարունակել ռեկորդային ծավալի ներդրումները»։ Այս գաղափարն ինձ դուր եկավ, քանի որ կարծում եմ, որ ոչ ոք չպետք է իրավունք ունենա տուրք սահմանել նեղուցից օգտվելու կամ աշխարհի որևէ մասում նմանատիպ միջազգային ծովային երթուղիների համար», – հայտարարել է Թրամփը։
Տեղեկության համար նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցում գրել էր, որ հրաժարվում է Հորմուզի նեղուցի օգտագործման դիմաց 20-տոկոսանոց տուրք սահմանելուց։ Նրա խոսքով՝ տուրքը կփոխարինվի առևտրային և ներդրումային գործարքներով, որոնք Միացյալ Նահանգները կկնքի Պարսից ծոցի երկրների հետ։