Դոնալդ Թրամփ՝ «Ամերիկյան ինքնությունը նոր հարձակման առջև է, կրկին կա կոմունիստական վտանգ, հատկապես նորեկների կողմից, նրանք քարոզում են գաղափարներ, որոնք հակասում են մեր կենսակերպին»
Ամերիկան երբեք չի դառնա կոմունիստական երկիր. այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրի անկախության 250-ամյակին նվիրված միջոցառմանն իր ունեցած ելույթի ժամանակ։
Թրամփի խոսքով՝ երկրում կոմունիստական սպառնալիքը դեռևս գլուխ է բարձրացնում, և դա վտանգում է Ամերիկայի բարօրությունն ու ազգային ինքնությունը։ Նա ամերիկացիներին կոչ է արել պաշտպանել այն ազատությունը, որի հիմքը երկրի հիմնադիրները դրել են 250 տարի առաջ։ Նախագահի հայտարարությամբ՝ կոմունիստական սպառնալիքը կապված է Դեմոկրատական կուսակցության ձախ թևի և նորեկ միգրանտների հետ։
«Մեր ամերիկյան ինքնությունը նոր հարձակման է ենթարկվում։ Մեր հողում կրկին գլուխ է բարձրացնում կոմունիստական սպառնալիքը, հատկապես այն նորեկների կողմից, ովքեր քարոզում են գաղափարներ, որոնք լիովին հակասում են մեր ապրելակերպին և երկրի հաջողությանը։ Մենք դա թույլ չենք տա. կոմունիզմը ազատ մարդկանց թշնամին է ամբողջ աշխարհում, այն երբեք չի գործում, հակասում է Սահմանադրությանը և 1776 թվականի հուլիսի 4-ի գաղափարին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիները արագորեն կհաղթեն կոմունիզմին։ Մենք այն արագորեն կվտարենք և կկառուցենք ավելի մեծ, ավելի լավ ու ավելի հզոր երկիր։ Ամերիկան երբեք չի դառնա կոմունիստական երկիր»,— նշել է Թրամփը։