Դմիտրո Կուլեբան ու Էնթոնի Բլինկենը հանդիպել են ուկրաինա-լեհական սահմանին
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան ուկրաինա-լեհական սահմանին հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Տեղեկությունը տարածում է «Սի Էն Էն»-ը։
Դմիտրո Կուլեբայի խոսքով, նա արդյունավետ քննարկումներ է ունեցել Էնթոնի Բլինկենի հետ Ուկրաինայում շարունակվող ռուսական ագրեսիայի վերաբերյալ։
Ուկրաինայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի պետքարտուղարին՝ «Ուկրաինային աջակցելու հարցում միջազգային հանրության միավորվելու համար»։
«Կարծում եմ՝ ուկրաինացի ժողովուրդը հնարավորություն կունենա տեսնելու այն փաստի հստակ դրսևորումը, որ մենք ունենք ընկերներ, ովքեր մեր կողքին են։ Շատ շնորհակալ եմ Ուկրաինային աջակցելու համար միջազգային հանրությանը միավորելու ձեր առաջնորդության համար։ Մենք քննարկել ենք սպառազինությունների և պատժամիջոցների, միջազգային ասպարեզում Ռուսաստանի մեկուսացման հարցը, և այն ուղերձը, որը ես ուզում եմ փոխանցել, շատ պարզ է: Ուկրաինան այս պատերազմում հաղթելու է բոլոր դեպքերում, քանի որ դա ժողովրդական պատերազմ է իրենց հողի համար։ Հարցն այն է, թե ինչ արժե մեր հաղթանակի արժեքը, և եթե մեր գործընկերները շարունակեն համարձակ և համակարգված որոշումներ կայացնել, եթե շարունակեն մատակարարել անհրաժեշտ զինատեսակները, ապա զոհերն ավելի քիչ կլինեն։ Դա շատ կյանքեր կփրկի Ուկրաինայում, կփրկի շատ տներ, և ավելի շատ երեխաներ կծնվեն»,- ասել է Դմիտրո Կուլեբան Էնթոնի Բլինկենի հետ հանդիպումից հետո։
Նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը հեռուստատեսային ուղերձ է հեռարձակել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպման վերաբերյալ։
«Մենք արդյունավետ քննարկումներ ենք ունեցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունավետության և ձեռնարկված միջոցների, ինչպես նաև, ամենակարևորը, Ուկրաինային անհրաժեշտ զենք մատակարարելու և Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու մեր հետագա քայլերի վերաբերյալ», – ասել է Կուլեբան։
Միևնույն ժամանակ, Կուլեբան ասել է, որ ինքը վստահ է, որ Ուկրաինան և ԱՄՆ-ն առաջիկա օրերին կկարողանան կյանքի կոչել բանակցությունների ընթացքում քննարկված հարցերը։