Դմիտրի Պեսկովն ասել է, որ իրենց չի զարմացրել նախագահական ընտրություններում իր թեկնածությունը հանելու Ջո Բայդենի որոշումը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշում է, որ իրենց չի զարմացրել նախագահական ընտրություններում իր թեկնածությունը հանելու Ջո Բայդենի որոշումը։
«Ճիշտն ասած, վերջին տարիներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցող իրադարձությունները մեզ սովորեցրել են, որ մեզ ոչինչ չպետք է զարմացնի։ Այնպես որ, մենք շատ չզարմացանք։ Իհարկե, մենք ուշադիր հետևում ենք այնտեղ տեղի ունեցող զարգացումներին, բայց մեզ համար կարևորը հատուկ ռազմական գործողությունն է և մեր նպատակները»,- ասել է Դիմիտրի Պեսկովը։
Պեսկովին հարցրել են նաև փոխնախագահի և նախագահի հավանական թեկնածու Քամալա Հարիսի մասին, ինչին Պեսկովը նշել է.
«Առայժմ մենք չենք կարող գնահատել տիկին Հարիսի պոտենցիալ թեկնածությունը մեր երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, քանի որ մինչ այժմ նրա կողմից երկկողմ հարաբերություններում ներդրում չենք նկատել։ Հայտարարություններ եղան, որոնք լի էին մեր երկրի նկատմամբ բավականին անբարյացակամ հռետորաբանությամբ»։
Ջո Բայդենը հանել է իր թեկնածությունը 2024 թվականի նախագահական ընտրություններում և ասել, որ սատարում է փոխնախագահ Քամալա Հարիսի դեմոկրատական կուսակցության թեկնածությունը։
Սակայն ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «ավելի հեշտ կլինի հաղթել Քամալա Հարիսին, քան Բայդենին»։