Դմիտրի Պեսկովը վտանգավոր է անվանել Դեյվիդ Քեմերոնի այն հայտարարությունը, թե Ուկրաինան իրավունք ունի Կիևին մատակարարվող զենք կիրառել Ռուսաստանի տարածքում օբյեկտների դեմ
Կրեմլը վտանգավոր է համարել Դեյվիդ Քեմերոնի հայտարարությունը, թե Ուկրաինան իրավունք ունի օգտագործել Մեծ Բրիտանիայի կողմից մատակարարվող զենքը Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտների դեմ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ նման բանավոր էսկալացիան կարող է վտանգ ներկայացնել Եվրոպայի անվտանգությանը։
«Եվս մեկ շատ վտանգավոր հայտարարություն. Մենք տեսնում ենք նման բանավոր էսկալացիա պաշտոնական ներկայացուցիչների կողմից՝ պետությունների ղեկավարների մակարդակով, երբ խոսքը վերաբերում է Ֆրանսիային, փորձագիտական մակարդակին, երբ խոսքը վերաբերում է Մեծ Բրիտանիային։ Սա Ուկրաինայի հակամարտության շուրջ լարվածության ուղղակի սրացում է, որը կարող է սպառնալ եվրոպական անվտանգությանը, եվրոպական անվտանգության ողջ ճարտարապետությանը։ Պաշտոնական հաղորդագրության մեջ մենք նշում ենք լարվածության սրման վտանգավոր միտում։ Դա անհանգստություն է առաջացնում»,- ասել է Պեսկովը։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ ասել է, որ Ուկրաինան իրավունք ունի օգտագործել Մեծ Բրիտանիայի մատակարարած զենքերը Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտների դեմ:
Հեղինակ՝ Մարիամ Ախալայա