Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Բայդենի և Զելենսկու հանդիպման արդյունքները չեն փոխի իրավիճակը մարտադաշտում
ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հանդիպման արդյունքները չեն փոխի հատուկ ռազմական գործողության ընթացքը, իսկ տասնյակ միլիարդավոր դոլարները չեն օգնի Կիևին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները։
«Բոլորի համար կարևոր է հասկանալ, որ տասնյակ միլիարդավոր դոլարները, որոնք հոսել են Ուկրաինա, չեն օգնել նրան մարտի դաշտում որևէ հաջողության հասնել։ Մնացած տասնյակ միլիարդավոր դոլարները, որ ուզում է Ուկրաինան, նույնպես դատապարտված են լինելու նույն ֆիասկոյին, մենք շատ լավ հասկանում ենք այս գործընթացը։ Դա չի կարող փոխել ոչ մարտադաշտում ստեղծված իրավիճակը, ոչ էլ հատուկ ռազմական գործողության ընթացքը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Միաժամանակ Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը ուշադիր հետևելու է ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպմանը։
«Իհարկե, մենք դրան շատ ուշադիր կդիտենք»,- ասել է Պեսկովը։