Դմիտրի Պեսկով. Ռուսաստանը խաղաղություն է ուզում, ոչ թե զինադադար, մենք ուզում ենք դադարեցնել այս պատերազմը, ապահովել մեր շահերը
«Ռուսաստանը խաղաղություն է ցանկանում, ոչ թե զինադադար» — այսպես է արձագանքել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Սուրբ Ծննդյան զինադադարի նախաձեռնությանը։
«Մենք ուզում ենք խաղաղություն, չենք ցանկանում զինադադար, որը Ուկրաինային հնարավորություն կտա դադար վերցնել և պատրաստվել պատերազմի շարունակմանը։ Մենք ուզում ենք դադարեցնել այս պատերազմը՝ հասնելով մեր նպատակներին, ապահովելով մեր շահերը և ապահովելով խաղաղություն Եվրոպայում։ Ահա թե ինչ ենք ուզում», – հայտարարել է Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ ամեն ինչ կախված է նրանից՝ արդյոք խաղաղության համաձայնություն ձեռք կբերվի, թե ոչ։
«Խոսքը վերաբերում է այն հարցին, ինչպես նախագահ Թրամփն է ասում՝ կկնքվի՞ համաձայնագիր, թե՞ ոչ։ Մեր դիրքորոշումը լավ հայտնի է. այն հետևողական է, թափանցիկ և հասկանալի ամերիկացիների համար։ Համոզված եմ՝ նաև ուկրաինացիների համար։ Եթե ուկրաինացիներն իսկապես ցանկանում են և գերակշռի ցանկությունը փոխել անարդյունավետ, ժամանակավոր որոշումները խաղաղ համաձայնագրով, ապա մենք դրան պատրաստ ենք։ Հակառակ դեպքում՝ քիչ հավանական է, որ դրանում մասնակցենք», – ասել է Պեսկովը։
Միաժամանակ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը դեռ չի տեսել այն առաջարկների տեքստը, որոնք վերաբերում են Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին, որոնք համարժեք են ՆԱՏՕ-ի հինգերորդ հոդվածին։ Նա հավելել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում արձագանքել մամուլում հրապարակված տեղեկատվությանը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Կիևը աջակցում է Սուրբ Ծննդյան շրջանում կրակի դադարեցման գաղափարին, հատկապես՝ էներգետիկ օբյեկտների վրա հարվածների դադարեցման տեսանկյունից։