Դմիտրի Պեսկով. Ռուսաստանը չի ցանկանում առաջ անցնել Ջիդայում քննարկված 30-օրյա հրադադարի հարցից
Ռուսաստանը չի ցանկանում առաջ անցնել Ջիդայում քննարկված 30-օրյա հրադադարի հարցից, – այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի մամուլի քարտուղարի խոսքով՝ Մոսկվան սպասելու է ամերիկյան կողմից հանդիպման մանրամասների պաշտոնական հաղորդմանը, որը տեղի կունենա առաջիկայում տարբեր դիվանագիտական ուղիներով, որից հետո Կրեմլը կորոշի իր հաջորդ քայլերը։
«Դուք մի փոքր առաջ եք ընկնում, մինչդեռ մենք դա չենք ցանկանում։ Երեկ Ռուբիոն և Ուոլցը մամուլի հետ զրույցում հայտարարեցին, որ տարբեր դիվանագիտական ուղիներով մեզ մանրամասն տեղեկություններ կփոխանցեն Ջիդայում կայացած բանակցությունների բովանդակության վերաբերյալ։ Նախ մենք պետք է ստանանք այդ տեղեկատվությունը», – ասել է Պեսկովը։
Ինչ վերաբերում է Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցի հնարավորությանը, Պեսկովի խոսքով՝ ամերիկացիների հետ շփումների ընթացքում չի բացառվում, որ առաջանա բարձր մակարդակով հեռախոսազրույց անցկացնելու անհրաժեշտություն։