Դմիտրի Պեսկով. Ռուսաստանը չէր ցանկանա, որ Վլադիմիր Պուտինը երբևէ չեղարկի այցը դաշնակից Հայաստան
Կրեմլն արձագանքում է Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացմանը: Ինչպես ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանը չէր ցանկանա, որ Վլադիմիր Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել դաշնակից Հայաստան այցից։
«Իհարկե, մենք չէինք ցանկանա, որ նախագահը ստիպված լինի ինչ-ինչ պատճառներով հրաժարվել իր այցելություններից Հայաստան»,- ասել է Պեսկովը՝ նշելով, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, բարեկամ պետությունն ու գործընկերը։
«Անկասկած, մենք շատ ընդհանրություններ ունենք մեր եղբայր հայ ժողովրդի հետ։ Մենք չենք կասկածում, որ դա մեզ միշտ կմիավորի»,- ասել է Պեսկովը։
Պեսկովը նաեւ սխալ է անվանել Հայաստանի որոշումը՝ վավերացնել Հռոմի ստատուտը։
«Հայաստանի ներկայիս ղեկավարության հետ կապված, իհարկե, լրացուցիչ հարցեր կծագեն, դրանք նախապես ներկայացվել են հայկական կողմին։ Մենք կասկածներ ունենք և ի սկզբանե կասկածներ ունեցել ենք, որ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից Հայաստանի միացումը Հռոմի ստատուտին ճիշտ է։ Մենք կարծում ենք, որ դա սխալ որոշում է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ինչպես նշել է Պեսկովը, Ռուսաստանը բացարձակապես համաձայն չէ Փաշինյանի փաստարկների հետ, ով Հռոմի ստատուտի ընդունումը հիմնավորում է իր երկրի անվտանգության համար ոչ բավարար գործիքներով։
«Մենք բացարձակապես համաձայն չենք Հայաստանի վարչապետ Փաշինյանի այն խոսքերի հետ, որ Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալու որոշումը կապված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և հայ-ռուսական գործընկերության գործիքների անբավարարության հետ՝ ապահովելու երկրի անվտանգությունը։ Դա ճիշտ չէ»,- ասել է Դիմիտրի Պեսկովը։
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։