Դմիտրի Պեսկով. Կրեմլը չի կասկածում, որ Պուտինի հայտարարությունը Ռուսաստանի տարածքի խորքում արևմտյան զենքի հարվածների հնարավոր հետևանքների մասին հասել է հասցեատերերին
Կրեմլը չի կասկածում, որ Ռուսաստանի նախագահի հայտարարությունը Ռուսաստանի տարածքի խորքում արևմտյան զինատեսակների հարվածների հնարավոր հետևանքների մասին հասել է հասցեատերերին, լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք կասկած չունենք, որ այս հայտարարությունը հասել է հասցեատերերին»,- ասել է Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Պուտինի խոսքերը բացառում են ցանկացած թյուր մեկնաբանություն։
«Պուտինի երեկվա հայտարարությունը շատ կարեւոր է։ Դա չափազանց պարզ է, միանշանակ և թույլ չի տալիս որևէ երկակի մեկնաբանություն»,- ասել է Պեսկովը։
Վլադիմիր Պուտինի խոսքով, եթե Ուկրաինայի զինված ուժերին թույլատրվի հարվածներ հասցնել ռուսական տարածքի խորքում արևմտյան զինատեսակներով, դա նշանակում է ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների անմիջական մասնակցությունը պատերազմին։ Ըստ նրա՝ դա էապես փոխում է հակամարտության էությունը։
«Սա վկայում է այն մասին, որ ՆԱՏՕ-ի երկրները, ԱՄՆ-ը և եվրոպական երկրները պատերազմում են Ռուսաստանի հետ, և եթե այդպես է, ապա, հաշվի առնելով այս հակամարտության էության փոփոխությունը, մենք համապատասխան որոշումներ կկայացնենք՝ ելնելով ստեղծված սպառնալիքներից», – ասել է Պուտինը։