Դմիտրի Պեսկով. Այս փուլում Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունների բարելավման հիմքեր չեն երևում, սակայն հարաբերությունների ձևավորման համար բացություն ենք պահպանում
Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունների բարելավման հիմքեր այս փուլում չեն երևում, քանի որ եվրոպական երկրները ռազմական ռեսուրսների մոբիլիզացիա են իրականացնում Ռուսաստանի դեմ. այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ եվրոպական երկրները մասնակցում են Ռուսաստանի դեմ մարտական գործողություններին։
«Այս փուլում ես ոչ մի հիմք չեմ տեսնում, որ Եվրոպայի հետ մեր հարաբերությունները բարելավվեն։ Ներկայիս քաղաքական գործիչները, իշխանության ղեկին գտնվող քաղաքական գործիչների այսօրվա սերունդը, տրամադրված են կոնֆրոնտացիոն, և ոչ միայն խոսքով, այլև գործով։ Նրանք լիովին մոբիլիզացնում են Եվրոպայի ռազմական պոտենցիալը և այդ պոտենցիալն ուղղում են մեր երկրի դեմ, անմիջականորեն մասնակցում են մեր դեմ մարտական գործողություններին», — հայտարարել է Պեսկովը։
Կրեմլի մամուլի քարտուղարի խոսքով՝ Ռուսաստանը պետք է հաշվի առնի ստեղծված իրավիճակը, սակայն պահպանի պատրաստակամությունը Եվրամիության հետ հարաբերությունների ձևավորման համար։
«Մենք պետք է հաշվի նստենք սրա հետ։ Անշուշտ, պետք է բաց մնանք հարաբերությունների ձևավորման համար, և մենք իսկապես պահպանում ենք այդ բացությունը, սակայն, միևնույն ժամանակ, պետք է լավ հասկանանք, թե ում հետ գործ ունենք», — նշել է Պեսկովը։